eLSi բրենդի հիմնադիր Լիանա Սարգսյանը բրենդի ստեղծման, նոր ծրագրերի և այլ մանրամասերի մասին պատմեց VOG-ին։
Երևանի պետական բժշկական համալասրանից դեպի դիզայների մասնագիտական գործունեություն: eLSi բրենդի հիմնադիր Լիանա Սարգսյանն իր մասնագիտության ընտրության գործընթացը սկսել է դեռ Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանելու տարիներից.
«Այնտեղ ունեինք նորաձևության թատրոն, որտեղ ցուցադրություններ էինք կազմակերպում, մրցույթներ: Ես ներկայանում էի, որպես բժշկական համալսարանի ուսանողուհի և ներկայացնում իմ դիզայներական հագուստների առաջին մոդելները: Հետո արդեն ամուսնուս հետ ստեղծեցի և հիմնեցի eLSi-ն, որը մինչ օրս շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը»:
eLSi-ն այսօր հասել է բազմաթիվ հաջողությունների: Բացի Հայաստանից այն պահանջարկ ունի և վաճառվում է նաև ՌԴ-ում, եվրոպական մի շարք երկրներում.
«Այս նոր ստեղծված իրավիճակով պայմանավորված դեռ նորություններ չկան, սակայն eLSi-ի վաճառք սպասվում է նաև այլ երկրներում»:
eLSi-ի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքում բազմաթիվ հիշարժան պահեր են եղել, ձեռքբերումներ, հաջողություններ, որոնք Լիանա Սարգսյանի համար վերածվել են իրական հիշողությունների.
«Դիզայներական իմ գործունեության ընթացքում շատ հիշողություններ կան, իհարկե, որոնք ես մոռանալ չեմ կարող, սակայն դրանցից կառանձնացնեմ Վենետիկի փառատոնի փակ ցուցադրության ընթացքում, երբ աշխարհից ընտրված յոթ դիզայներներից և բրենդերից մեկը eLSi-ն էր: Թերևս սա ամենատպավորիչն էր, քանի որ մենք ներկայացնում էինք ազգ, նրկայացնում էինք բրենդ: Սրանից հետո ցուցադրություններ ունեցանք Ռուսաստանում, Դուբայում, Միլանում… »:
Ամեն փոքրիկ բանով դիզայները կարող է ոգեշնչվել և ստեղծել մի նոր բան: Հաճախորդի մի մտքից, մինչև պատմական հետաքրքիր պատկերներ: Խոստովանում է, որ նոր հավաքածու ստեղծելիս ամբողջ օրը միայն դրա մասին մտքերով է քնում և արթնանում.
« Ինձ մոտ հավաքածուների ստեղծման ողջ գործընթացը մի հետաքրքիր փուլով է անցնում: Ամբողջ օրս լցվում է այդ հավաքածուի մտքերով: Ես քնում և արթնանում եմ իմ հավաքածուն մտքումս պատկերացնելով: Անընդհատ նկարում եմ ու նկարում»:
eLSi-ն ուղղակի գեղեցիկ հագուստ չէ, դրանք հագուստներ են, որոնք նպատակ ունեն գեղեցկացնելու և ընդգծելու կնոջ գեղեցկությունը.
«eLSi-ն նրբագեղ է, կանացի, ընդգծում է կնոջ գեղեցկությունը․ Ես ստեղծում եմ զգեստներ, որոնք գեղեցկացնում են կանանց: Փորձում եմ ընտրության հնարավորություն ստեղծել և օգնել ճիշտ ընտրություն կայացնել»:
eLSi-ն կնոջը հնարավորություն է տալիս լինել ավելի ինքնավստահ.
«eLSi կրող կանայք իմ կարծիքով համարձակ, կանացի կերպարներ են, ովքեր ինձ համար շատ կարևոր են: Իրենք ինձ՝ իրենց օգնելու հնարավորություն են տալիս, իսկ ես փորձում եմ ամեն կերպ օգնել և ուղղորդել իրենց, որպեսզի ցանկացած վայրում լինեն այնպիսին, ինչպիսին երազել են»:
Դիզայների համար իր աշխատանքում կարևոր է իր թիմի փորձառու աշխատանքը, պարտաճանաչությունը, ժամկետի ճիշտ ընկալումը և ամենակարևորը հաճախորդին գոհացնելը.
« Այն ժպիտը, որը ես տեսնում եմ հայելու դիմաց, երբ կրում են հագուստը, իրենց գոհունակությունն ու համարձակությունը, որը ներշնչում է իրենց հագուստը, իսկապես շատ ոգևորող է»:
Միլանի նորաձևության շաբաթին eLSi-ի մասնակցություն ունենալու մասին խոսելիս դիզայները նշեց, որ այն իրենց տվել է նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ.
«Բազմաթիվ բաներ ես ինքդ քեզ համար բացահայտում, անընդհատ ավելի ու ավելի ես համոզվում որ նորաձևությունը դա անծայրածիր ստեղծագործական աշխատանք է, որ նորաձևությունը դա մի աշխարհ է որտեղ կարող ես անսահման գործել, ստեղծագործել, անել նորը: Այն չունի վերջ: Անդադար պայքար է, որը պահանջում է շատ աշխատանք, շատ ջանքեր…»:
eLSi-ի նոր ծրագրերը շատ են, սակայն երկրում նոր իրավիճակով պայմանավորված անորոշ են: eLSi-ի նոր հավաքածուն պետք է ներկայանար ինչպես Միլանի, այնպես էլ Փարիզի նորաձևության շաբաթներին, որոնք, ըստ դիզայների, ստեղծված պայմաններում տեղի չեն ունենա.
«Փորձում եմ ավարտին հասցնել նոր հավաքածուն, որն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Այն 16-17-րդ դարերի խառնուրդ է, որը ներկայացրել եմ այլ ոճի մեջ: Ինչպես նաև ունենք նոր խանութսրահի բացում, որը ըստ իս ևս մի փոքր կհետաձգվի: Փորձում ենք գնահատել իրավիճակը և ըստ այդմ սկսել գործել»:
VOG.am | VOGUE Armenia
Journalist: Arus Mirzoyan
תגובות