top of page
Writer's pictureMarine Manjikyan

Տքնաջան աշխատանքի արդյունքը հաղթանակի դափնին է. Մալխաս Ամոյան


Հայաստանը ներկայացնող՝ 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տրնավա քաղաքում, եզրափակչում 10։0 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Մախմուդ Մախշիլոևին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: VOG.am-ի զրուցակիցն է Մալխաս Ամոյանը:


VOG.am- Մինչ ըմբիշ դառնալը, ինչպիսի՞ նախասիրություններ եք ունեցել:

Մալխաս- Դեռ մանկուց սիրել եմ ըմբշամարտը, ուրիշ այլ նախասիրություններ չեմ ունեցել: Դպրոցական ալլբոմներիս մեջ անգամ նկարում էի ըմբշամարտի գորգեր և պատվանդաններ:


VOG.am- Գիտենք, որ ձեր հորեղբայր Ռոման Ամոյանը ձեզ շատ է օգնում, այնուամենայնիվ, սպորտաձևի ընտրությունը ձե՞րն է, թե՞ հորեղբոր խորհրդով:

Մալխաս- Սիրելով ըմբշամարտը և տեսնելով հորեղբորս հաջողությունները սերս ավելի էր մեծանում այդ սպորտաձևի նկատմամբ և անպայման պայքարս ու ջանքերս ուղղել էի լավ ըմբիշ դառնալու նպատակին:

VOG.am- Նախկինում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցել, ձեր հաջությունների մասին խոսեք:

Մալխաս- Մրցաշարերի շատ եմ մասնակցել, դրանցից ամենակարևորը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններն են: Եղել եմ Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող, երկու անգամ աշխարհի խաղերի մրցանակակիր, երկու անգամ էլ եվրոպայի երիտասարդական խաղերի փոխչեմպիոն, ապա՝ հաղթող:


VOG.am- Ամենաշատն ո՞ւմ հետ կցանկանայիք մրցել. կա՞ այնպիսի մարզիկ, որի հետ ցանկանում եք ձեր ուժերը չափել:

Մալխաս- Հետևում եմ աշխարհում տեղի ունեցող բարձր մակարդակի խաղերին և այժմ էլ մասնակիցն եմ այդ խաղերի. Ունեմ շատ սիրված մարզիկներ, որոնց հետ կցանկանայի և հաճելի էր մրցել, բայց դեռ այդպիսի որոշում չեմ կայացրել, ապագան ցույց կտա:


VOG.am- Սլովակիայի Տրնավա քաղաքում դուք դարձաք հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության աշխարհի չեմպիոն, շնորհավորում ենք այդ կապակցությամբ. Մինչ հաղթանակի ազդարարումը դուք համոզված էիք ձեր հաղթանակում և ինչպիսի՞ն էր զգացողությունը այդ պահին երբ հնչեց ձեր անունը:

Մալխաս- Շնորհակալ եմ, շնորհավորանքի համար: Ուժերիս վրա վստահ էի, որովհետև գտնվում եմ լավ մարզավիճակում, ցանկությունս մեծ էր աշխատանքիս արդյունքը ցուցադրելու: Հաղթանակից հետո զգացողություններս անբացատրելի էին, խոսքերով չեմ կարող բնութագրել այդ գեղեցիկ ակնթարթները:

VOG.am- Հաղթանակի պատվանդանին հասնելը այդքան էլ հեշտ չէ. հեշտ ճանապարհ չեք անցել: Կխոսե՞ք հաղթահարած դժվարությունների, մարզիչների հետ կատարած աշխատանքների մասին:

Մալխաս- Բոլորն էլ գալիս են հաղթելու համար, բայց հաղթում է նա, ով տքնաջան և հետևողական աշխատում է իր վրա: Ինձ հետ աշխատել են մարզիչներս, հորեղբայրս և իմ ավագ ընկերներս, որոնց օգնությամբ շատ դժվարություններ եմ հաղթահարել. Ամեն ինչից ինձ զերծ եմ պահել, կենտրոնացել միայն մարզումներիս վրա: Հատուկ շնորհակալություն անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյանից, հավաքականի մարզիչներ՝ Արմեն Բաբալյանից, Մովսես Կարապետյանից, Ազատ Ամոյանից, Արսեն Մակվեցյանից, Ռոման Ամոյանից և ավագ ընկերներ՝ Արսեն Ջուլֆալակյանից, Մաքսիմ Մանուկյանից և Արթուր Ալեքսանյանից:


VOG.am- Առաջիկայում ինչպիսի՞ն են ծրագրերը և ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

Մալխաս- Այժմ մասնակցում եմ գերմանական լիգայի մրցաշարերի, այնուհետև կլինեն Հայաստանի առաջնության հավաքներ և ըստ դրա էլ կորոշվի իմ հետագա անելիքները:

VOG.am-ը պատրաստել է 10 բլից հարց.


Բնութագրեք ձեզ...

Ամաչկոտ:


Ի՞նչ սովորություններ ունեք:

Շատ եմ շտապում:


Ձեր ամենամոտ ընկեր...

Բաց թողնենք այս հարցը:


Սիրած մարզաձևը...

Բասկետբոլ:


Ի՞նչ եք սիրում ուտել:

Կեսար:

Սիրած պատմական կերպար...

Սասունցի Դավիթ:


Սիրելի քաղաք...

Լաս Վեգաս:


Սիրելի կարգախոս...

Եկա, տեսա, հաղթեցի:


Ի՞նչ երբեք չեք անի:

Չեմ տխրի:


Եթե կախարդական փայտիկ ունենայիք ի՞նչ կանեիք:

Այնպես կանեի, որ երկրում հաստատվեր խաղաղություն, ո՛չ պատերազմին և կբուժեի բոլոր հիվանդներին:


Interview: Tatka Musheghyan

Comentarios


bottom of page